Հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 18:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում մեծ հանդիսավորությամբ տեղի կունենա օպերային մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Թատրոնի ճեմասրահում տեղի կունենա մեծանուն երգչուհու պատկերով «Հայփոստի» նախաձեռնությամբ թողարկված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, կցուցադրվեն երգչուհու արխիվային լուսանկարները, ինչպես նաև կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին պատմող տեսանյութեր:
Նույն օրը երեկոյան թատրոնում կներկայացվի Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան, որը նվիրվում է Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին։ Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 6-ը 9-րդ անգամ կանցկացնեն Տ. Սազանդարյանի անվան երիտասարդ մեներգիչների հանրապետական մրցույթը։